Հայաստանի առաջընթացի երաշխիքը գիտական և տեխնոլոգիական ոլորտի բուռն զարգացումն է: Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:
Չոբանյանը նշեց, որ գագաթնաժողովը Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի: Նրա համոզմամբ՝ Հայաստանը չպետք է առանձնացնել սփյուռքից և Արցախից: Գագաթնաժողովը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի, հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, հատկապես աշխարհաքաղաքական լարված իրավիճակում:
«Շահում են այն երկրները, որոնց գիտությունն ու տեխնոլոգիաները հենված են համաշխարհային գիտելիքի վրա և զուգորդվում են տարբեր երկրների գիտական և տեխնոլոգիական ինստիտուտների համակարգերի հետ: Այս առումով Հայաստանում գիտելիքահեն ցանկացած ոլորտում որևէ տարբերություն չպետք է լինի»,- նշեց նա:
ԱՏՁՄ ղեկավարը շեշտեց՝ և սփյուռքում, և Հայաստանում գիտական և տեխնոլոգիական ոլորտում կան շատ կազմակերպություններ, որոնց միավորումը անհրաժեշտություն է: Առանց միավորման դրանց գործունեությունը անարդյունավետ է լինելու:

Աղբյուր. ArmenPress