Greek City Times:«Էթնիկ զտում, թե՞ գոյատևման վերջին շանս»

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Greek City Times ամսագրի հոդվածը.«Էթնիկ զտում, թե՞ գոյատևման վերջին շանս», Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը կապում է Արցախը և Հայաստանը: Հոդվածի հեղինակն է Հունաստանում և Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:


Հեղինակը բարձրացնում է Արցախի շուրջ հումանիտար ճգնաժամի հարցը, որը կարող է վերածվել մարդասիրական աղետի և էթնիկ զտումների. «Վերջին մի քանի օրվա ընթացքում 120 000 հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ նպատակաուղղված արգելափակվել են Ադրբեջանի կողմից իրենց պատմական հայրենիքում՝ Արցախում: Ադրբեջանն արգելափակեց նրանց, իսկ այժմ նրանք ամբողջովին կտրված են արտաքին աշխարհից։ Մեր աչքի առաջ աղետ է ընթանում:»

Միջանցքի արգելափակումն ու հումանիտար ճգնաժամի ստեղծումը Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող միտումնավոր քաղաքականությունն է. «2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցի կեղծ բնապահպաններ, առաջնորդվելով հորինված բնապահպանական օրակարգով, փակեցին Լաչինի միջանցքը՝ միակ մարդասիրական մայրուղին, որը կապում է Արցախը արտաքին աշխարհի հետ: Ադրբեջանական շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որում միանշանակ ասվում է. ա. Լաչինի միջանցքը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ. Բ. Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժը:»

Այդ քաղաքականությունը տեւական ժամանակ է, ինչ վարում են Ադրբեջանի իշխանությունները։ Խորհրդային շրջանում, քողարկված, ԽՍՀՄ փլուզման ժամանակ բացահայտ ձևով, էթնիկ զտումների տեսքով, իսկ հետագայում Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ պատերազմ վարելով. «Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանը. երեք պատերազմներում ագրեսիա է իրականացրել արցախահայության դեմ. Արցախահայության երեք սերունդ վերապրել է մահը, զրկանքները, ջարդերն, էթնիկ զտումները և շարունակում է ապրել Ադրբեջանի մշտական ոչնչացման սպառնալիքի ներքո։ Սակայն նրանք դիմացան բոլոր այդ մատահրավերներին։»


«Ադրբեջանի կողմից կազմակերպված շրջափակումը առանձին գործողություն չէ. այն համակարգված և հետևողական քաղաքականության մի մաս է, որն ուղղված է Արցախի էթնիկ զտմանը իր բնիկ հայ բնակչությունից: Ադրբեջանը ցուցադրում է ոչ միայն էթնիկ զտումների իր քաղաքականությունը, այլեւ հայ ժողովրդի նկատմամբ հերթական ցեղասպանություն իրականացնելու մտադրությունը:»

Արցախահայության հավաքը ընդեմ միջանցքի արգելափակման, Ստեփանակերտ(Photo by OC Media)


Միջազգային հանրությունը պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մակարդակով հանդես եկավ «կյանքի միջանցքի» փակումը դատապարտող հայտարարություններով, ինչպես նաև կոչ արեց բացել միջանցքն առանց նախապայմանների։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են կոնկրետ քայլեր՝ կանխելու Արցախի ժողովրդի դեմ ցեղասպանությունը. «Այն, ինչ կատարվում է հիմա, դանդաղ ընթացք ունեցող ցեղասպանություն է։ 120 000 հազարից ավելի բնակչություն կարող է անհետանալ, ամբողջությամբ ոչնչացվել, և ոչ ոք պատասխանատվություն չի կրի դրա համար։ Մենք նախկինում ականատես ենք եղել, թե ինչպես է դա եղել հայերի, հույների, քրդերի և շատ այլ ժողովուրդների հետ։

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ առանց որևէ նախապայմանի ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել միջանցքի երկու ուղղություններով տեղաշարժի և տրանսպորտի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության։ Տեղի բնակչությունը պետք է զերծ մնա զրկանքներից ու վշտից:»


«Նման հայտարարություններով ու կոչերով ուղված Ադրբեջանին հանդես են եկել ԵՄ-ն և ԱՄՆ-ը, Կանադան, Վատիկանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Նիդեռլանդները, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Էստոնիան և այլք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Արցախի շրջափակման հարցը հատուկ նիստում։

Միջազգային հանրությունը շտապ և վճռական գործողությունների կարիք ունի՝ կանխելու հերթական ցնցող ողբերգությունը։ Քաղաքակիրթ աշխարհը և միջազգային մասնագիտացված կազմակերպությունները պետք է միջամտեն իրավիճակի հետագա սրումը կասեցնելու և արցախցիներին փրկելու ծավալվող ցեղասպանությունից, որին նրանք կփորձեն հակազդել, որպես գոյատևման վերջին հնարավորությունը:»

Մենք կիսում ենք հեղինակի տեսակետը մոտալուտ աղետը կանխելու համար միջազգային հանրության միջամտության անհրաժեշտության վերաբերյալ։
Պետք է միջոցներ ձեռնարկել Արցախում միջազգային ներկայությունն հաստատելու համար՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու և տարածաշրջանում կայունություն ձևավավորելու համար։


Ամբողջական հոդվածը: Greek City Times