Շարունակվում է Լաչինի միջանցքի և Արցախի շրջափակման երկրորդ շաբաթը։ Որո՞նք են հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները։
Արցախում Ադրբեջանի գործողությունների արդյունքում շրջափակման մեջ է գտնվում 120 000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա։ Պարենը, դեղորայքը, վառելիքը և առաջին անհրաժեշտության ապրանքները հանրապետություն չեն մտնում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանից օրական ընդհանուր առմամբ առաքվել է 400 տոննա բեռ։ Հայաստանի տարածքում շտապ բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող հիվանդները զրկված են նման հնարավորությունից։ Շատ ընտանիքներ բաժանված են: Դրանով ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները, էլ չեմ խոսում այն մասին, որ Արցախին հումանիտար աղետ է սպառնում։
Ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախը միջազգային հանրությունից:
Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է արձագանքի և դատապարտի Ադրբեջանին իր ցեղասպան գործողությունների համար, օգտագործի իր քաղաքական և դիվանագիտական ողջ ներուժը ճգնաժամը կարգավորելու համար։
Հարկ է ընդգծել, որ միջազգային հանրության պասիվությունը ու անտարբերությունը պարարտ հող են պատրաստել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների համար։
Դրա մասին է վկայում այն փաստը, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ նմանակում է բանակցություններին մասնակցությունը և պատրաստվում է հարցի ուժային լուծմանը։
Միջնորդների և միջազգային հանրության անհասցե և անարդյունավետ արձագանքը, հրադադարի անընդմեջ խախտումներին և ագրեսիվ հակահայկական հռետորաբանությանը, փաստացի «կանաչ լույս» դարձավ Ադրբեջանի հետագա գործողությունների համար։
Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա էին Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումները, սակայն պարզ է, որ միայն հայտարարություններով չի կարելի կանգնեցնել Ադրբեջանին։ Ավելի արդյունավետ միջոցներ են անհրաժեշտ։ Խոսքը քաղաքական և իրավական հետևանքների մասին է։
Ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախը ռուսական խաղաղապահ առաքելությունից:
Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնությունը հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն է իրականացնում՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌԽԿ) պարտականությունները ներառում են Արցախի և Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը. Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Հենց ռուս խաղաղապահների նկատմամբ վստահության հիման վրա է, որ արցախցիներից շատերը, արյունալի պատերազմից ու մեծ կորուստներից հետո, վերադարձան իրենց տները։ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով և հայտարարություններով վարկաբեկում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ջանքերը՝ փորձելով հասնել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Արցախից 2025 թվականին։ Համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է կասեցնի ադրբեջանական սադրանքները և կատարի իր առաքելությունը,՝ որը կոչված է ապահովելու Արցախի ժողովուրդի անվտանգությունը:
Ի՞նչ նպատակներ են, ըստ Ձեզ, հետապնդում Ադրբեջանի իշխանությունները՝ «բնապահպանական» ակցիայի քողի տակ շրջափակում կազմակերպելով։
Նշենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է սրել իրավիճակը Արցախի շուրջ՝ դիմելով տարբեր տեսակի սադրանքների ու դիվերսիաների, իսկ այսպես կոչված «բնապահպանական» գործողությունը, Արցախի հայաթափման քաղաքականության բաղկացուցիչ մաս է։ Դա փաստում են 2020 թվականի վերջին սկսված ագրեսիվ գործողությունները, որոնց թվում են ՌԽԿ-ի պատասխանատվության գոտում գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի օկուպացումը, այս տարվա մարտ և դեկտեմբեր ամիսներին Արցախի գազամատակարարման դադարեցումը, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը Փարուխ-Քարագլուխ ուղղությամբ, զինված սադրանքները Բերդձորի շրջանում, հոգեբանական ճնշումները խաղաղ բնակչության վրա: Եվ այս պահին, մենք ականատես ենք, Արցախը Հայաստանի հետ կապող, «կյանքի ճանապարհի» փակմանը…
Ի՞նչ գործողություններ, ըստ Ձեզ, պետք է ձեռնարկվեն Հայաստանում և Սփյուռքում այս և ապագա մարտահրավերները հաղթահարելու համար։
Պետք է ընդունել, որ միայն Արցախի ջանքերը բավարար չեն, էկզիստենցիալ մարտահրավերներին դիմակայելու համար։ Դրանց լուծման համար անհրաժեշտ է համախմբել համայն հայության ներուժը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում։ Անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական և լոբբիստական աշխատանքը բոլոր հնարավոր հարթակներում և միջազգային ատյաններում։ Համահայկական ջանքերի հիմնական ուղղությունը պետք է լինի երկու հայկական պետությունների անվտանգության և պաշտպանական կարողությունների ամրապնդումը, իսկ ստեղծված իրավիճակում միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնելով նաև Արցախի շրջափակման խնդրի վրա, ճգնաժամից բարենպաստ դուրս գալը, Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականներ ստանալը՝ դրանք հետագայում կանխելու նպատակով։